ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Աղանդավորականները ՀՀ-ում հողեր են գնում, որոնք հետո դառնում են ԱՄՆ-ում գտնվող աղանդավորական տվյալ կառույցի սեփականությունը»

«Աղանդավորականները ՀՀ-ում հողեր են գնում, որոնք հետո դառնում են ԱՄՆ-ում գտնվող աղանդավորական տվյալ կառույցի սեփականությունը»
17.10.2014 | 11:30

Գաղտնիք չէ, որ Հայաստանում օրեցօր ավելանում են կրոնական կազմակերպություններն ու դրանցում ընդգրկվողների թիվը: Հայ ժողովուրդը, որ դարեր ի վեր պայքարել է հանուն իր կրոնի ու հավատի, այսօր ինքնակամ հրաժարվելով դրանցից` դառնում է աղանդավոր:
Աղանդավորական կազմակերպությունները գլխավորող մարդիկ, ովքեր իրենց հորջորջում են Աստծո «ծառաներ», և իբր թե «հաղորդակցվելով» Տիրոջ հետ «ընդունակ» են նույնիսկ հրաշքներ գործելու, լավ են տիրապետում մարդկային հոգեբանությանը, զբաղվում են հոգեորսությամբ: Վերջիններիս «ցանցն» ընկած և ժամանակի ընթացքում մանիպուլյացիոն մեթոդներով զոմբիացված անձինք երբեք չեն կասկածում, որ այս ձևով նպաստում են իրենց պետության ներսում (ինչպես նաև նրա սահմաններից դուրս) տվյալ աղանդի տարածմանը, հետևաբար նաև` Հայ առաքելական եկեղեցու հիմքերի թուլացմանն ու հավատացյալ հայ ժողովրդի պառակտմանը:
Ի՞նչ կերպ են աղանդավորները մարդկանց ներքաշում իրենց կառույցներ, ինչպե՞ս են զոմբիացնում նրանց ուղեղը, ինչպիսի՞ վտանգ են իրենցից ներկայացնում այդ աղանդավորական խմբավորումները, ովքե՞ր են կանգնած նրանց հետևում:
Այս հարցերի պատասխանները ստանալու համար որոշեցինք զրուցել «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ:

-Երբվանի՞ց է սկսվել աղանդների տարածումը Հայաստանում, և ինչի՞ հետևանք է այն:
-Աղանդների ակտիվ գործունեությունն ու տարածումը Հայաստանում սկսվել են 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո` բարեգործական ծրագրերի և այլ պատրվակների քողի ներքո: Մինչ այդ գործող աղանդների թիվը վեցն էր:
-Ինչո՞ւ ժամանակին պայքար չկազմակերպվեց դրանց գործունեության կանխարգելման դեմ:
-Երկրաշարժից հետո, մինչև 2003 թվականը, պետական մարմինները դեռևս չգիտեին Հայաստանում արդեն գործող աղանդավորական բազմաթիվ կառույցների մասին. այդ ժամանակ նրանց տեսադաշտում միայն «Եհովայի վկաներն» էր: Վերջիններս իրենց գործունեությունը Հայաստանում սկսել են 1972 թվականից` իշխանություններին միշտ ներկայանալով աղմուկ-աղաղակով` հալածված-ծեծկվածի կեցվածքով:
Դրանից հետո (տեսնելով կրոնական քողի տակ կատարվող աղանդավորական երևույթները) 2003-ին ստեղծեցինք մեր կենտրոնը, որի գործունեությունը նպատակաուղղված էր բոլոր աղանդավորական կառույցների գործողությունների բացահայտմանն ու դրանցից բխող վտանգների մասին տեղեկատվության տարածմանը:
- Ձեր նշած կառույցները մինչ այդ ի՞նչ կերպ էին գործում:
-Աղանդավորական, ինչպես նաև «արտասահմանյան» անվանման տակ գործող կրոնական մնացած կառույցները, որոնք մինչ անկախությունն էլ գոյություն ունեին, գործում էին ընդհատակում: Բացահայտ գործել հնարավոր չէր, որովհետև կար Ազգային պետական անվտանգության կոմիտե, որը կանխարգելում-արգելափակում էր դրանց ճանապարհն ու հետագա գործողությունները:
Բայց Հայաստանի անկախացումից հետո փակվեցին ինչպես Ազգային անվտանգության կոմիտեն, այնպես էլ նմանատիպ կառույցները, ինչը հնարավորություն ստեղծեց ակտիվորեն բացելու կրոնախևերի համար արգելափակված ճանապարհներն ու դռները` նպաստավոր պայմաններ ստեղծելով նաև դրանց հետագա գործունեության համար:
-Ի՞նչն է ստիպում մարդուն «շուռ գալ» Հայ առաքելական եկեղեցուց և դառնալ աղանդավորական կառույցների անդամ: Ի՞նչ հնարքներով են աղանդավոր քարոզիչներն ու անդամները կարողանում մարդկանց ներքաշել իրենց շարքերը:
- Այն մարդը, ով կրոնական ուղղվածությունը սեփական կամքով է ընտրում, միայն հարգանքի է արժանի, սակայն ցավալին այն է, որ Հայ առաքելական եկեղեցուց «շուռ գալը» մարդուն հիմնականում հարկադրում է սոցիալական ծանր կամ անօգնական վիճակը: Օգտվելով դրանից` աղանդավորական կրոնի «հովիվները» կամ քարոզիչները հիպնոսի կամ խաբեության մտացածին մեթոդներով մարդկանց ներքաշում են իրենց որջերը: Դրանից հետո արդեն գործի են դրվում հոգեբանական ճնշման կամ հատուկ մշակված ուժային մեթոդներ ու մեխանիզմներ, որոնք առկա են բոլոր գործող կրոնական կառույցներում: Այս պարագայում` պայքարը պետք է տարվի ոչ թե աղանդավորների, այլ նրանց ղեկավարների և քարոզիչների դեմ:
Հավելեմ, որ կան նաև բարեկամ-հարազատների թեթև ձեռքով կամ էլ սեփական կամքով ներքաշվածներ, որոնց ուղեղը աղանդավորները կարողացել են ժամանակին հենց փողոցում «լվանալ»: Որոշակի թիվ են կազմում նաև հոգեկան շեղումներ, ինչպես նաև հոգեբանի, հոգեբույժի օժանդակության կարիք ունեցողները:
-Ինչքա՞ն է հավանական, որ մարդն այս կամ այն աղանդին անդամագրվելուց հետո կվերադառնա Հայ առաքելական եկեղեցի:
-Եթե մարդը հայտնվի այս կամ այն աղանդի ամուր ճիրաններում, ապա նրա ուղեղն այնպես կլվանան, որ հետ վերադառնալու կամ ափսոսանքի զգացում երբևիցե չի զգա:
Աղանդավորական կառույցների մեջ մտնող և այնտեղից դուրս եկողներին հիմնականում հետաքրքրում է, թե ինչ օգուտ կամ գումար կարող են պոկել տվյալ կառույցից: Իրենց նպատակին հասնելուց հետո վերջիններս դուրս են գալիս այնտեղից:
Այսօր շատ քիչ է այն մարդկանց թիվը, ովքեր դուրս են եկել որևէ աղանդից։ Միաժամանակ տեղեկացնեմ, որ աղանդավոր դարձած քաղաքացուն հետ բերելու համար անհրաժեշտ է 2-7 տարի և մոտ 900 հազար դոլար։
-Աղանդավորական կառույցների ներսում ի՞նչ ծիսակարգով են ընթանում հավաքները կամ ի՞նչ են քարոզում աղանդավոր «հովիվներն» իրենց հոտի մեջ ընդգրկված «ոչխարներին»:
-Ծիսակատարությունները կամ ծիսակարգերն ընթանում են Նարեկացու «Մատյանից» մինչև իրենց աղանդի համոզմունքներին համահունչ դարձրած «Ավետարանը» կարդալով, գետնին ընկնել թավալվելով, «մեղա՜» գոռալով, օրգիաներ կազմակերպելով կամ այլ այլանդակ շարժումներ կատարելով: Ինտերնետային կայքում այդ հավաքների ժամանակ կատարվող «արարողությունները» ընդամենը մեկ անգամ դիտելուց հետո (ներկա գտնվել չարժե), արդեն լիովին հասկանալի են դառնում թե դրանց ուսմունքի նպատակաուղղվածությունը, թե հոգեկան բազմաթիվ շեղումների բուն պատճառները:
Կան նաև բարեպաշտ կառույցներ, բայց վերջիններիս կեղծ բարեկրթությունը հիպնոսացման որևէ ձև է կամ էլ գաղտնի նպատակաուղղվածություն ունի:
-Ինչպե՞ս է աղանդավորական կազմակերպությունը իր և ունևոր, և չունևոր անդամներից հավաքագրում «տասանորդը»:
-«Տասանորդը», որի վճարումը պարտադիր է ամիսը մեկ, հավաքողը կամ հավաքագրողը այնպես արագ է այդ «հանգանակությունը» կատարում, որ կարող է նախանձել անգամ գերարագ հարկային ծառայության տեսուչը: Եթե հարկայինում կան չվճարողներ, ապա աղանդավորական կառույցներում այդ հասկացությունը բացակայում է:
Աղանդավորական կրոնի յուրաքանչյուր ներկայացուցիչ (անկախ իր սոցիալական վիճակից) տասանորդը պարտավոր է վճարել անգամ սեփական հագուստի մինչև վերջին թելի վաճառման գնով, քանի որ աղանդավորական ուսմունքի վստահեցմամբ` տվյալ նվիրատվությունը Աստծուն հարգելու «ձևերից» մեկն է:
Նշեմ, որ բոլոր կրոնական կառույցների անդամները «տասանորդներ» են վճարում, չի վճարվում միայն Հայ առաքելական եկեղեցում:
Հավելեմ նաև, որ, բացի ամսական վճարվող «տասանորդից», հավաքների ժամանակ յուրաքանչյուր անդամից գանձվում է նաև 5-10 հազար դրամ:
-Տվյալ աղանդի առաջնորդներն ինչպե՞ս են օգնում կազմակերպության անդամ սոցիալապես անապահով խավերին. գումարո՞վ, ուտելիքո՞վ, թե՞ ինչքով:
-Ոչնչով:
-Քանի՞ աղանդ կա այսօր Հայաստանում:
-ՀՀ-ում այսօր պաշտոնապես գրանցված է կրոնական 67 կազմակերպություն, դրանցից 5-ը Հայ առաքելական եկեղեցուն կից գործող կառույցներ են, 6-ը` հին, ավանդական եկեղեցիների ճյուղերը, իսկ մնացած 56-ը աղանդավորական են: Չգրանցվածները և ընդհատակում «աշխատողները» 200-250 են, որոնք գործում են կրոնական, բարեգործական, ուսումնական, հասարակական, հանրակրթական, բժշկական հիմնադրամի կարգավիճակով և այլ անվանումների տակ:
ՈՒնենք նաև մզկիթ, որը նույնպես գործում է իր ծիսակարգով` միաժամանակ համարվելով Պարսկաստանի մշակութային կենտրոն:
-Ի՞նչ ձևով կարելի է պայքարել աղանդավորական կազմակերպությունների դեմ:
-Թշնամու դեմ պայքարելու համար պետք է թշնամու լեզուն իմանալ և քանդել ներսից: Այլ կերպ հնարավոր չէ պայքարել, քանի որ մեզ մոտ չկա համապատասխան օրենք, որով հնարավոր լինի հստակեցնել կրոնական կառույցների կարգավիճակը:
Մյուս կարևոր գործոնը դրանցից բխող վտանգների մասին հասարակությանը տեղեկացնելն է: Որքան մարդը տեղեկացված է, այնքան պաշտպանված է:
- Ո՞րն է համարվում աղանդ:
- Աղանդը տվյալ երկրի տարածքում գործող ավանդական եկեղեցու դավանաբանությունից մի փոքր այլ ուղղվածություն ունեցող գաղափարախոսությունն է, որին ազատ մարդը դավանում է եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն, և որը վտանգավոր չէ:
Վտանգավոր և քայքայիչ են համարվում աղանդավորական այն կառույցները, որոնց գործողությունները կատարվում են դռնփակ: Դրանց անդամները սոցիալապես անապահով կամ խաբեությամբ այդ որջերը ներքաշված անձինք են, ովքեր հոգեբանական ճնշման մեթոդներից հետո դառնալով կամազուրկ, թուլակամ (կամակատար)` հլու-հնազանդ ենթարկվում են իրենց քարոզչին կամ առաջնորդին:
Նշեմ, որ դռնփակ խմբերում հիմնականում կիրառվում են նաև որոշակի մանիպուլյացիոն գործողություններ, որոնց ժամանակ վերահսկվում է մտավոր գործունեությունն ու հոգեբանական ճնշմամբ պարտադրվում որոշակի հավատալիքներ: Այս երևույթները, որոնք առաջացնում են ֆիզիկական անլիարժեքության գաղափար, վարքի և դատողության խեղում և տվյալ աղանդի հետ կապ չունեցող մտավոր գիտելիքների աղքատացում, ստեղծում են նաև հասարակական գործունեության և շրջապատի նկատմամբ համընդհանուր թշնամանք:
Այսօր արտասահմանից Հայաստան ներթափանցած աղանդավորական բոլոր փակ կառույցներում, որոնցից ամեն մեկը վտանգավոր է յուրովի, հենց այդպիսի իրավիճակ է տիրում:
-Աղանդներից որո՞նք են առավել վտանգավորները:
-Ամենահայտնիներն ու վտանգավորները «Խարիզմատիկ», «Կյանքի խոսք», «Եհովայի վկաներ», «Ավետարանական» և այլ աղանդներն են, որոնց հետևորդների թվում են նաև քաղաքական հայտնի մի շարք գործիչներ և շոուբիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ: (Անուններ չենք հրապարակում` որոշ նկատառումներից ելնելով):
Վերոնշյալ աղանդների կարգախոսներից է. «Մեկ անգամ եկեք մեր հավաքին, և եթե չցանկանաք, երկրորդ անգամ կարող եք չգալ»: Սա նաև ապացույց է, թե ինչպիսի մանիպուլյացիոն միջոցներ են գործածվում այդ հավաքների ժամանակ և ինչպես են մարդկանց ստիպում հրաժարվել սեփական «ես»-ից և մտածել ուրիշի թելադրանքով:
«Երբ չգիտակցված հրաժարվում ես սեփական «ես»-ից, դառնում ես միանգամայն զոմբիացված հիմար, մեքենայաբար ասում ու անում ես այն, ինչ քեզ թելադրում է բեմում կանգնած «հովիվը»,- մի առիթով այսպես խոստովանեց դարձի եկած նախկին աղանդավորներից մեկը:
-Ինչպե՞ս եք գնահատում եկեղեցու պայքարը աղանդների դեմ:
-Եկեղեցին, լինելով կրոնական կառույց և պետությունից սահմանադրությամբ անջատված, աղանդների դեմ պայքարելու իրավասու չէ: Այս պարագայում պայքարել կարող է միայն պետությունը:
Եկեղեցու պայքարի միակ եղանակը իր գոյության հանգամանքը, իր դավանաբանության, քարոզչության վարքագիծը բարձրացնելը, իր գաղափարի ճշմարտացիությունը, ժողովրդի կողքին կանգնած լինելն ու նրան իր ծառայության նպատակը ցույց տալն է: Պայքարի ուրիշ մեխանիզմ եկեղեցին չունի. դրանից դուրս արդեն կլինի շահերի բախում:
Հուրախություն բոլորիս` նշեմ, որ եկեղեցականները վերջերս ակտիվացել են: Երիտասարդական թեմերում կան բազմաթիվ պատանիներ, ովքեր ակտիվորեն աջակցում են եկեղեցուն: Հաշվի առնելով այդ հանգամանքը` եկեղեցու գործունեությունը դրական եմ գնահատում, իհարկե, կան որոշակի թերացումներ, սակայն ընդհանուր աշխատանքը դրական է:
-Պայքարի ինչպիսի՞ եղանակներ են կիրառվում պետության կողմից։
-Ասեմ, որ պետությունը ոչինչ չի ձեռնարկում աղանդների դեմ պայքարելու համար: ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը, որը անկախությունից առաջ փոքրիշատե պայքարում էր վերջիններիս դեմ, դրանից հետո իր գործունեությունը սահմանափակել է` մնալով ընդամենը վերոնշյալ կազմակերպությունների գրանցումը վավերացնող:
Նշեմ նաև, որ անկախացումից հետո երկրորդ նախագահի օգնականն անգամ աղանդավորական էր (Ռենե Լևոնյանը): Նշված ժամանակվանից մինչ օրս աղանդավորականները, առիթն օգտագործելով, ՀՀ-ում հողեր են գնում, որոնք հետո դառնում են ԱՄՆ-ում գտնվող աղանդավորական տվյալ կառույցի սեփականությունը: Նշված հակաիրավական գործընթացին աջակցում են ինչպես քաղաքապետարանները, այնպես էլ դատաիրավական համակարգը:
Արդեն քանի տարի է, ինչ մեր կազմակերպությունը աղաղակում է, որ հայկական հողերը ծախվում են ԱՄՆ-ի աղանդավորական եկեղեցիներին` մնալով սակայն անարձագանք:
-Աղանդների ներթափանցումից ի վեր դրանց թվաքանակի նվազման դեպքեր գրանցվե՞լ են։
-Ընդհակառակը՝ ամեն տարի դրանք ավելի են շատանում՝ ընդգրկելով նորանոր մարդկանց, ինչը կատարյալ անտարբերության արդյունք է։ Ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ միայն իշխանություններն են, այլև հասարակությունը, որի կողմից այդ ընթացքում վճռական ու հետևողական որևէ նախաձեռնություն չի եղել։ Այս ուղղությամբ միայն լրատվամիջոցներն են պարբերաբար աղմուկ բարձրացրել, բայց արդյունք չկա:
Ասեմ, որ աղանդների տարածումը կանխելու հարցով Հայաստանում պետք է զբաղվեն և՛ իշխանությունը, և՛ օրենսդիրը, և՛ Հայ առաքելական եկեղեցին, և՛ ժողովուրդը։ Այսօր Հայաստանում չկա մի օրենք, որով կարողանան ճնշել կամ գոնե հսկել աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը։ Այդ նպատակով պետք է ընդունել համապատասխան օրենք` պատրաստելով նաև տվյալ օրենքը գործողության մեջ դնող մասնագետներ:
Բացի դրանից, պետք է ունենալ նաև եկեղեցուն կից իրավաբան և հոգեբան կրոնագետներ, ովքեր իրենց քարոզչական լայնածավալ գործունեությամբ կարողանան գոնե կանխել աղանդավորական կազմակերպությունների հետագա բազմացումը:
-ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն է այսօր աղանդավոր:
- Այսօր Հայաստանում կա ոչ առաքելական եկեղեցու ավելի քան 300-350 հազար հետևորդ: Դրանցից ավելի քան 250 հազարը զուտ աղանդավորներ են, որը Հայաստանի ներկա բնակչության (եթե համարենք 3 մլն) մոտավորապես 10 տոկոսն է:
Իսկ եթե հաշվի առնենք արտագաղթը և նկատի ունենանք, որ մոտավորապես 2 մլն մարդ է մնացել, ապա 13 տոկոսը, այն դեպքում, երբ այլ երկրներում ապրող բնակչության ընդամենը մեկ տոկոսն է աղանդավոր:
-Կարծիք կա, որ կրոնական կառույցները բիզնեսի միջոց են: Ո՞րն Է Ձեր տեսակետը այս խնդրի շուրջ:
-Աղանդները կոմերցիոն բնույթի բիզնեսի միջոց են, որի հիմքում ակտիվորեն գործող ցանցային մարկետինգներում (ավանդական «Օրիֆլեյմ», «Վիրժն», «Մերիքեյ», «Քյունեթ» և վերջերս ավելացած «Նյուգբեստ», «Դեշեշի») ընդգրկված են նշված կառույցների ներկայացուցիչներ: Վերջիններս ակտիվորեն գումար հայթայթելուն զուգահեռ գործի են դնում նաև աղանդավորական սկզբունքային մեխանիզմները:
Նշվածներից բացի, կան սննդամթերքի, ոսկու և ադամանդի առևտրով, ինչպես նաև քաղաքաշինական գործունեությամբ զբաղվող աղանդավորական կառույցներ, որոնց բոլորի առաջնահերթ խնդիրները վերաբերում են բիզնեսին ու փողին, քանի որ աղանդը շատերի համար նախ և առաջ բիզնես է` փող աշխատելու միջոց: Իսկ այդ փողը հիմնականում ձեռք է բերվում հազարավոր այն մարդկանց հաշվին, ովքեր ներքաշվել են տվյալ աղանդի մեջ:
-Ըստ Ձեզ, աղանդները ֆինանսավորվո՞ւմ են արտերկրից:
-Վերջերս դատական նիստի ժամանակ «Հայ ավետարանչական ընկերակցության» ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարեցին` քանի որ ԱՄՆ-ը ֆինանսավորումը կրճատել է, իրենք էլ ստիպված կրճատել են աշխատողներին: Դրանով հիմնավորվեց այն հանգամանքը, որ բոլոր կրոնական կառույցների հիմքում, «տասանորդներից» բացի, ընկած է նաև արտասահմանյան ֆինանսավորումը, որը հակասում է «Խղճի, ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 13-դ հոդվածին, որով արգելվում է աղանդավորական և կրոնական կառույցների ֆինանսավորումը արտերկրից: Բայց Հայաստանում այդ օրենքը չի կիրառվում և չկա նաև մեխանիզմ այդ ֆինանսավորման ճանապարհը փակելու:
Իմ ունեցած նախնական տվյալներով, չի բացառվում, որ աղանդների միջոցով ՀՀ-ում տարեկան շրջանառվում է մոտ 1 մլրդ դոլարին համարժեք գումար:
-Ո՞րն է աղանդավորական կազմակերպությունների նպատակը:
-Աղանդավորական կազմակերպությունների նպատակը, անկախ ուսմունքի բովանդակությունից, նույնն է՝ խարխլել, քանդել պետության հիմքերը, քայքայել ընտանիքները, բարոյական բոլոր նորմերը, ժողովրդին հեռացնել իր ավանդույթներից, դեգրադացնել ու զոմբիացնել մարդկանց։
Աղանդավորականների աճը այսօրվա բնակչության, հատկապես դեռահասների և երիտասարդների թերկրթվածության, սահմանափակ մտածողության, ազգային ինքնագիտակցության ցածր մակարդակի, ինչպես նաև կրոնի, պետության, ազգի գոյատևման գաղափարներին մասամբ և բացարձակ անտեղյակության պատճառով է։
Նշեմ, որ աղանդավորական այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են Արևմուտքից, իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում և սահմանամերձ գյուղերում:
Հավելեմ նաև, որ Հոնկոնգում վերջերս կատարված զանգվածային ցույցերից և ձերբակալություններից հետո պարզվել է, որ անկարգությունների հրահրման հեղինակները եղել են արտասահմանյան կրոնական կառույցների ներկայացուցիչներ:


Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Հ. Գ.- Այսօր երբ աղանդները, հասարակության ներսում բազմանալով, նպաստում են նրա պառակտմանը, ժողովուրդը կարիք ունի համախմբման: Չարենցի բոլոր ժամանակների` «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» պատգամը նաև այսօրվա համար է ասվել:
Եթե չդառնանք համախմբված, որպես ազգ երկար չենք գոյատևի, քանի որ կորել է վստահությունը ինչպես միմյանց, այնպես էլ հավատի և եկեղեցու հանդեպ, մարդիկ անհավատորեն են սկսել մոտենալ ամեն բանի, ինչը կործանարար է: Այսօր մեր իշխանությունները և ընդդիմությունը անհրաժեշտաբար պետք է մի կողմ դնեն գաղափարական և մյուս տարաձայնությունները և միավորվեն մեկ միասնական նպատակի շուրջ՝ փրկելու մեր ազգն ու պետությունը կործանումից։ Այս գործում իրենց մեծ ներդրումը պետք է ունենան նաև Հայ առաքելական եկեղեցին և հասարակության բոլոր խավերը։
Հիշենք` միասնական հավատն է այն ամուր հիմնաքարը, որի վրա կառուցվում է հզոր երկիրը:

Դիտվել է՝ 3991

Մեկնաբանություններ